Ավանդույթ և արդիականացում
Ռեգիոնալ մոդեռնիզմ

ԻՆՉՊԵՍ ԷՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՏՈՒՄ ԱԶԳԱՅԻՆԸ: Հարցազրույց մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

Աղասի Թադևոսյան

Գաբրիել Գյուրջյան
Հայկական գյուղ (1927)
Կտավ, յուղաներկ

-ԱրմԱրք: Խորհրդային շրջանից սկսած հանրային և, գուցե նաև, մասնագիտական շրջանակներում ազգային հասկացությունը նույնացվում է պատմականի, հնի, և այլ ոչ թե ներկայի հետ: Ի՞նչու է այդպես:

Աղասի Թադևոսյան: Խորհրդային իշխանության նպատակն այն էր, որ այսպես ասած «խորհրդային ժողովրդի» ձևավորման գործընթացում հնարավորինս նվազեցվեին էթնիկական տարբերությունները ներկայում և դրանք վերաբերեին անցյալի ժառանգությանը։ Այսինքն, խնդիրն այն էր, որ «խորհրդային ժողովուրդը» պետք է ներկայացներ ԽՍՀՄ ժողովուրդների արդիական հավաքականությունը, իսկ գոյություն ունեցող էթնիկական տարբերությունները վերաբերեին անցյալին։ Ու որպեսզի էթնիկը չխանգարեր արդիականին՝ այսինքն խորհրդային ժողովրդի» ձևավորմանը, փորձ արվեց ազգայինը նույնացնել էթնիկի հետ և դրա կառուցարկումը, կոնստրուկտումը իրականացնել անցյալում: Դրանում մեծ դեր էին խաղում նաև ազգագրագետները: Օրինակ, Երևանի պետական համալսարանում գրված դիսերտացիաների մոտ յոթանասուն-ութսուն տոկոսը վերաբերվում էր անցյալին: Ազգագրագետների արդիական կամ քաղաքային թեմաների ուսումնասիրությունների համար չէին ֆինանսավորում, միայն գյուղական, ավանդական թեմաների պետք է անդրադառնային: Աստիճանաբար այդ գյուղական-ավանդականը սկսեց համարվել ազգային:

Խորհրդային քաղաքականության իմաստը սրանում այն էր, որ պետք էր կապել ազգայինը անցյալի հետ, իսկ խորհրդային ժողովրդին ձևավորումը՝ ներկայի: Այսինքն, եթե մարդ պետք է խոսեր իր ազգայինի մասին, այն ոչ թե իր ներկայի մեջ այն պետք է փնտրեր, այլ անցյալի մեջ, որպեսզի այն չխանգառի արդի համընդհանուր սովետական ժողովրդի կոնստրուկտի ձևավորմանը: Դրա դրսևորումներից մեկը կարելի է համարել օրինակ այն, որ ազգագրագետների թեկնածուական դիսերտացիաների վերնագրերում շատ տարածված էր փակագծերում (19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ) նշումը:  Դա արվում էր նրա համար, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ մտցվի այն միտքը, որ ազգայինը դա ավանդականն է, իսկ ավանդականն էլ կապվում էր գյուղական մշակույթի հետ, որը գտնվում է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ ընկած ժամանակահատվածում:

Այդ ժամանակաշրջանը նշելու հիմնական պատճառն այն էր, որ գրանցված ազգագրական նկութերը գյուղական ժողովրդական մշակույթի վերաբերյալ հենց այդ շրջանին էին վերաբերում։ Խնդիրն այն է, որ ըստ ազգագրական մեթոդաբանության ազգագրական հետազոտությունը պետք է հենված լինի բանասացներից հարցազրույցների միջոցով գրանցված հետազոտական նյութերի վրա և քանի որ այդ շրջանում դեռևս կենդանի էին 19-րդ դարավերջ ու 20-ի սկզբի վերաբերյալ հիշողություն կրող սերունդը, ստացվում էր որ ժամանակաշրջանի տեսանկյունից ամենախորը ազգագրական նյութը հնարավոր էր գրանցել հենց այդ ժամանակաշրջանի վերաբեյալ։ Սակայն, ողջ խնդիրն այն է, որ օրինակ 1950-80-ականների վերաբերյալ հետազոտություներ չէին արվում և նյութեր էլ չէին գրանցում, քանի որ սովետական շրջանը ենթակա չէր հասարակական գիտությունների կողմից մեկնաբանության գաղափարական արգելքների պատճառով, որոնցից մեկն էլ սովետական ժողովրդի մասին Կոմունիստական կուսակցության կողմից առաջ քաշված թեզն էր։

-ԱԱ: Իսկ ինչու էր ազգայինը հենց գյուղական, այլ ոչ թե քաղաքային մշակույթի հետ կապվում?

-ԱԹ: Քաղաքային մշակույթն օգտագործվում էր հենց խորհրդային ստանդարտները քաղաքների միջոցով տարածելու համար: Փաստն այն է, որ խորհրդային ազգագրության մեջ չէր խրախուսվում ոչ արդիական ազգագարությամբ զբաղվելը և ոչ էլ քաղաքի։ Այսինքն, ամեն ինչ արվում էր, որ էթնիկ ազգայինը կապվերր հենց 19-րդ դարավերջ ու 20-ի սկզբի ժամանակաշրջանի գյուղական մշակույթի հետ

-ԱԱ: Այսինքն քաղաքը կապվում էր Խորհրդային ինքնության հետ, գյուղը՝ ազգային ավանդական…

-ԱԹ: Այո: Իսկ եթե քաղաքում ազգայինը դրսևորվում էր, ապա այն պետք է ցուցադրվեր որպես 19 — 20-րդ դարերի հղում: Ինչ վերաբերում է ճարտարապետությանը, ապա ազգայինի հղումները գնում էին ավելի խորը, մինչև միջնադար: Բայց սովետական գաղափարախոսության կարևոր պայմանն այն էր, որ սովետական դրսևորումներում միջնադարին հղվող սիմվոլիկան պետք է ապակրոնականացվեր: Օրինակ, ճարտարապետները վերցնում էին եկեղեցիներից զարդամոտիվներ և դրանց միջի կրոնական սիմվոլները, օրինակ խաչը, փոխարինում էին խորհրդային սիմվոլներով՝ ասենք աստղով կամ մուրճ ու մանգաղով: Կամ խաչքարի կառուցվածքով քաղաքային աղբյուրներներ էին նախագծում, բայց խաչի փոխարեն ծառ և բուսական այլ մոտիվներ էին պատկերվում (իրականում սա նույնպես թաքնված կեևպով հղում էր անում սիմվոլիկին՝ կենաց ծառին): Այսինքն ազգայինը ապակրոնականացվում էր, սիմվոլները խորհրդականացվում էին բովանդակազրկման ճանապարհով, ազգային, ավանդական ֆորման պահպանվում էր, բայց բովանդակությունը սոցիալիստական էր: Եվ սա հենց Խորհրդային կարգերի հաստատման սկզբում ընդունված՝ ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական գաղափարի արտահայտումն էր:

-ԱԱ: Իսկ ինչու ազգային բառի փոխարեն չվերցվեց ժողովրդականը?

-ԱԹ: Այստեղ մի նրբություն կա, ժողովուրդ բառը կապված է ժողովել բայի հետ: Հայերը երկու բառով են իրենց անվանում՝ Հայ ժողովուրդ կամ Հայոց ազգ: Հայերը երբ իրենց բնորոշում են որպես ազգ, իրենց ազգային ակունքների հիմքում դնում են արյունակցական կապերը։ Այն ընտանեկան հիմքից բխող միասնություն է, որի մասին պատկերացումները գալիս են Հայկ նահապետից, ով իր գերդաստանով հեռացել էր բռնապետ Բելի երկրից, սկիզբ դնելով հայ ազգին : Ազգակցական ընտանիքի ու ազգ տերմինի հարցը քննում է ազգագրագետ Էմմա Կարապետյանը։ Այս հիմնախնդրին նվիրված իր աշխատությունում նա ցույց է տալիս, որ հայերի ընկալումներում ազգը  դա առաջին հերթին արյունակցական մեծ ընտանիքն է: Այդ պատճառով հայերը, որպես ազգ - nation, իրենց ծագումը բխեցնում են մեկ ընդհանուր նախնուց և մեկնաբանում իրենց որպես արյունակցական ընդհանրությամբ կառուցված հանրույթ: Ազգայինի թեմայով դիսկուրսում հաճախ հանդիպում է նաև «հայի գեն» հասկացությունը, այսինքն կարևորվում է հենց արյունակացական ընդհանրականությունը։ Հայերը որպես ազգ իրենց պատկերացնում են մեկ ընդհանուր նախնուց՝ Հայկից սերված, նույն ՛գենետիկ կոդն՛ ունեցող, որը միֆականացված բացատրություններ ունի:  Սա նաև այսօրվա նոր միֆոլոգիան է ազգայինի ու գենետիկ ազգայինի մասին, որ մեր գենետիկ ընդհանրությունը գալիս է հենց Հայկից։ Ըստ այդմ, մենք սկզբում եղել ենք մեկ ընտանիք, հետո աճելով դարձել ենք մեկ ազգ, բայց պահպանել ենք գենետիկ ընդհանրությունը:

-ԱԱ: Փաստորեն Հայերի համար կրոնը՝ Առաքելականությունը չի, որ պայմանավորում է Հայի Հայ լինելը, ինչպես օրինակ Հրեաների համար:

-ԱԹ: Հրեաների համար գենետիկան, ազգակցականությունը, էթնիկությունը չնայած նույնպես կարևոր է, բայց ազգությունը բնորոշվում է ոչ այդքան արյունակցական,  որքան կրոնական պատկանելության գործոնով։ Իսկ մեզ համար առաջնային է էթնիկությունը։

Մարդաբանության և ընդհանրապես հասարակական գիտությունները ազգի երկու տիպ են առանձնացնում։ Ըստ այդմքաղաքացիական ազգը առանձնացվում է էթնիկական ազգ-ից։ Այս տեսանկյունից, Հայերը իրենց որպես էթնիկական ազգ են մեկնաբանում: Իսկ օրինակ Եվրոպացիները (հիմնականում արևմտաեվրոպական երկրները) Նապոլեոնի արշավանքից հետո հատկապես, սկսեցին իրենց որպես քաղաքացիական ազգ ընկալել: Այսինքն իրենց ազգությունը սկսեցին կապել ոչ թե էթնիկության, օրինակ էթնիկ ֆրանկ կամ գալ լինելու հետ, այլ քաղաքացիության, այսինքն տվյալ պետության քաղաքացի լինելու հետ:

-ԱԱ: Հայերի՝ իրենց ազգությունը որպես ազգային (ոչ կրոնական, ոչ էլ քաղաքացիական) հարթությունում ընկալելը այսօր գիտակցված, ձևակերպված, ակտուալ դիսկուրս ունի լայն հասարակության շրջանակներում?  

-ԱԹ: Սա Հայաստանում ազգայինի մեկնաբանության մասին այսօր  առկա ամենաուժեղ դիկսուրսներից մեկն է: Հայկ նահապետի հետ անձամբ իրենց ծագումը մարդիկ չեն բխեցնում, բայց ասվում է՝ մենք մի արյուն ենք: Արյուն ասելով հենց գենետիկան նկատի ունեն: Իսկ նույն գենետիկան, արյուն ունենալը դա նույն էթնիկ ծագում ունենալն է նշանակում: Այսինքն՝ ծագումով իրական Հայ լինել է նշանակում: Եթե ՛արյունը խառն է՛, այսինքն այլ ազգերից նախնիներ կան, ապա մարդը ՛մաքուր՛ հայ չի:

-ԱԱ: Արդյո՞ք Հայերի ազգային ինքնագիտակցումը իրենց ավանդական մշակույթի, պատմության կոնտեքստում ավելի ուժեղ է արտահայտված, քան նախկին Խորհրդային այլ ազգերի մոտ:

-ԱԹ: Այս հարցը իմ բուն մասնագիտական հետազոտությունների մեջ չի մտնում, բայց տարբեր միջազգային կոնֆերանսներին մասնակցելով և զուտ անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ Խորհրդային կարգերի փլուզումից և անկախության ձեռքբերումից հետո այլ ազգերի մոտ էլ է այդ ինքնության հարցը առաջացել: Օրինակ Ղազախների և Կիռգիզների մեջ լուրջ վեճ կա այն հարցի շուրջ, թե ում նախնին է Լենկ Թեմուրը: Ազգի, պատմության հնությունը սկսեց կարևորվել հենց այս շրջանում: Նման խնդիր ունեն և՛ Ադրբենջանցիները, և՛ Թուրքերը, ովքեր իրենց պատմությունը փորձում են կապել Ալբանացիների ու Աղվանների, իսկ վերջիններս՝ նույնիսկ շումերների հետ:

-ԱԱ: Իսկ ի՞նչպես կարելի է մեկնաբանել հայկական ազգային կարծրատիպային սիմվոլների և ազգային ինքնության կապը:

-ԱԹ: Ընդհանրապես, հայերի շրջանում հիմնականում ես կառանձնացնեի երեք տեսակի ինքնության սիմվոլներ՝ մաքուր մշակութային սիմվոլները (վիզուալ սիմվոլները՝ եկեղեցիները, խաչքարերը, հավասարաթև և կեռ խաչը, գորգը, նուռը, խաղողը, այսօր շատ տարածված ժայռապատկերները…), մշակութայնացված լանդշաֆտի սիմվոլները (օրիանկ Արարատ սարը, Արաքս գետը, Արարատյան դաշտը, Նեմրութ սարը, Վանա լիճը։ Դրանցում համազգայինից բացի կան նաև լոկալ ազգային նշանակություն ունեցողները: Օրինակ Սյունիքում ազգային ինքնության սիմվոլ համարվում է Խուստուփ լեռը, որն ըստ էության տեղական սիմվոլիզմի տեսանկյունից պատկերավոր ասած տեղի Մասիս սարն է նրանց համար: Եվ երրորդ տիպի սիմվոլները պատմական անձինք են, որը սկսվում է Հայկ նահապետից, Պարույր Սկայորդի, Արտաշես առաջին Տիգրան մեծ, Արշակ երկրորդ, Գրիգոր Լուսավորիչ, Տրդատ թագավոր և այլն: Օրինակ, որոշ նացիոնալիստական շրջանակներում ներկայումս տարին հաշվվում է Հայկ նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի թվով՝ նկատի ունեմ հայկյան տոմարով:

-ԱԱ: Իսկ վերջերս ձևավորված անմոռուկը կարելի՞ է համարել որպես կայացած ազգային սիմվոլ, թե այն արհեստական ու նոր ձևավորված է:

­- ԱԹ: Անմոռուկը թույլ սիմվոլ է, այո՝ այն նոր է ու արհեստական:

-ԱԱ: Ինչո՞վ էր պայմանավորված 1960-ականներից սկսվող ազգային մշակույթների զարթոնքը խրախուսող խորհրդային քաղաքականությունը:

-ԱԹ: Դրա սկիզբը կապվում է 1964 թվականին Հայաստանում եղեռնի հիթսուն ամյակի հետ կապված հանրային շարժումների հետ: Այստեղից Խորհրդային Հայաստանում խորացավ ու արմատավորվեց ծովից ծով Հայաստանի, Տիգրան Մեծի և ընդհանրապես ազգային պատմության հերոսականացման թեման: Այսպիսի բան տեղի էր ունեցել նաև Հայրենական Պատերազմի ժամանակ, երբ միութենական երկրներում պետք էր առանձին էթնոսների մոտ մարտական ոգին բարձրացնել: Պետք էր այդ մարտական ոգին կապել ազգային զարթոնքի, հայրենիքի գաղափարի հետ, որն էլ իր հերթին կապվում էր ընդհանուր Խորհրդային հայրենիքի հետ: Օրինակ Դերենիկ Դեմիրճյանին Վարդանանք վեպը պատվիրվեց հենց այս ժամանակ, 1942 թ-ին: Բայց պատերազմից անմիջապես հետո ազգայինի շուրջ հերոսականացումները սկսեցին արգելվել և նորից վերածնվեց արդեն 1960-ականներին: Այս քաղաքականության մասին բացահայտ չէր խոսվում, այն տարածվում էր ստեղծագործական միությունների՝ նկարիչների միության, գրողների միության և նմանատիպ ինստիտուցիոնալ կառույցների միջոցով:

-ԱԱ: Ի՞նչպես Ուրարտական շերտի հայտնաբերումը Հայաստանի ԽՍՀ-ն տարածքում քաղաքականորեն ՛կապիտալիզացվեց՛ խորհրդային իշխանության կողմից:   

-ԱԹ: Հայաստանի՝ ուրարտական մշակույթին պատկանելու և ուրարտական պետականության շարունակողը լինելու թեման մի-քանի անգամ փոխվեց խորհրդային շրջանում: Սկզբում Ուրարտուն համարվում էր Հայաստանի տարածքում ձևավորված, բայց ոչ լիովին հայկական պետություն: Բայց հետո գիտական, ակադեմիական դիսկուրսը փոխվեց դեպի այն միտքը, որ Ուրարտական իշխող վերնախավը եղել են խուռիները, բայց բնակչության և իշխանական տների մեծ մասը եղել են հայեր: Հետագայում[AT1] , հետխորհրդային շրջանում այս դիտակետը փոխվեց՝հիմնականում Ռաֆայել Իշխանյանի թեզերով, ով պնդում էր, որ Ուրարտու անվանումը իրականում որպես Արարատ է պետք վերծանել սեպագրերից։ Պարզապես խորհրդային շրջանի գիտնականները այսպես են վերծանել տարածաշրջանի մյուս ազգերին, հատկապես վրացիներին չնեղացնելու և լարվածություն չստեղծելու համար:  

-ԱԱ: Ի՞նչով էր պայմանավորված այս շրջանում լայն տարածում գտած ուրարտական մոտիվների կիրառումը արվեստի տարբեր ճղյուրեում:

-ԱԹ: Դա ազգային մոդեռնիզմի արտահայտումներից մեկն էր, որը ազգային սիմվոլների արդիականացման պրոցեսն էր, ինչը կրկին դեպի պատմությունը նայող տենդենց էր, որը էսթետիկացնում էր ձևերը՝ բովանդակությունը հարմարեցնելով այսօրվա կյանքին: Բայց միևնույն ժամանակ այն պետք է պահպաներ անցյալի հերոսականացման գաղափարը: Այսպսով անցյալի հերոսացումը կապվում էր սոցիալիստական ներկայի հերոսացման հետ:  

-ԱԱ: Կարելի՞ է արդյոք պնդել, որ այդ շրջանում ստեղծագործող արվեստագետների և, հատկապես ճարտարապետների կողմից ուրարտական մոտիվների ցիտումը ազգայնական միտում ուներ:

­-ԱԹ: Դա պատմական պրիմորդիալիզմի դրսևորում էր: Կա գենետկ և պատմական պրիմորդիալիզմ, որը ազգայինը տեսնում է պատմականի հնության և ընդհանուր պատմական ծագման մեջ: Գենետիկ պրիմորդիալիզմը ինքնության հիմքում դնում է կրկին անցյալը, բայց գենետիկ ծագման հիմքի վրա: Խորհրդային պատմաբանությունը հենց պրեմորդիալիստական ուղղության ճյուղ էր, այդ պատճառով պրոֆեսսիոնալ մշակույթներում, արվեստում ազգային ինքնության արտահայտումը կարևորվում էր անցյալը, անցյալի նվաճումները:

-ԱԱ: Իսկ արվեստագետների, ճարտարապետների մոտ այդ զղումները անձնական անգիտակից ձգտում էր, թե՞ ՛վերևներից իջեցված՛ պատվերին գիտակցված պատասխան:

-ԱԹ: Դա տրված քաղաքական շրջագծում հեղինակային աշխատանք էր: Օրինակ Ռաֆայել Իսրայելյանը իր ռելիեֆային աշխատանքներում հղում էր անում թե միջնադարին, թե օգտագործում ուրարտական սիմվոլիկա: Ուրարտական սիմվոլների օգտագործումը գալիս է Էրեբունի-Երևան տոնակատարություններից, երբ հանրայնացվեցին ուրարտական սիմվոլները՝ առյուծը՝ Արին-Բերդ ծխախոտի տուփի վրա, սուրն ու նիզակը, որոնք դարձան նաև մոմակալների ֆորմա, վանդակաճաղերի ֆորմա…Որոշները այդ ինքնությունը սկսեցին տեսնել նույնիսկ ավելի վաղ՝ Նայիրյան շրջանում (13րդ դար) և ավելի լայն արեալով վերցված՝ ընդհուպ մինչև Մերձավոր Արևելքից վերցված սիմվոլիկայի մեջ:

-ԱԱ: Իսկ այդ հեռավոր մշակույթներից սիմվոլներ վերցնելուց արվեստագետներն արդյո՞ք գիտակցում էին պատմական ճշգրտության մասին:

-ԱԹ: Դա էսթետիկ ընդհանրացում էր, որի մասին գուցե չէին էլ մտածում: